2017 թվականի հոկտեմբերի 18-ին հայկական մի շարք լրատվամիջոցներ՝ հղում կատարելով դանիական EKF (Denmark’s Export Credit Agency) կազմակերպության պաշտոնական կայքում 16.10.2017թ. հրապարկված հաղորդագրությանը, տարածեցին մի տեղեկատվություն, որը որոշակիորեն առնչվում է «Թեղուտ» ՓԲ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) և EKF կազմակերպության հարաբերություններին։ Այդ կապակցությամբ հարկ ենք համարում նշել հետևյալը։

Ընկերության կողմից ՀՀ Լոռու մարզի Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագիրն իրականացվել է «Վալլեքս» խմբի ընկերությունների սեփական և ՎՏԲ խմբից ներգրավված վարկային միջոցների հաշվին։ Ընկերության և EKF կազմակերպության միջև որևէ վարկային պայմանագիր երբևէ չի կնքվել, Ընկերությունը EKF կազմակերպությունից վարկային միջոցներ չի ստացել, ուստի չի կարող մեկնաբանել EKF կազմակերպության կողմից հրապարակված՝ «ֆինանսավորումը հայկական հանքարդյունաբերական նախագծից» դուրս բերելու վերաբերյալ տեղեկատվությունը։ Ավելին, EKF կազմակերպության հետ ունեցած հարաբերությունների շրջանակներում Ընկերությունը չի ստացել նաև դրանք խզելու վերաբերյալ որևէ պաշտոնական ծանուցում։

Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրում օգտակար հանածոյի հանքաքարի արդյունահանման և հարստացման գործընթացի կազմակերպան շրջանակներում Ընկերությունը մշտապես միջոցներ է ձեռնարկել սեփական անձնակազմի գիտելիքների ու գործընթացների շարունակական կատարելագործման, ինչպես նաև միջազգայնորեն ճանաչված փորձի ու ստանդարտների, ներառյալ՝ արտադրական անվտանգության և աշխատանքի պաշտպանության և բնապահպանական կառավարման համակարգերի ներդրման ուղղությամբ, համագործակցելով մի շարք միջազգայնորեն ճանաչված կազմակերպությունների, այդ թվում՝ EKF կազմակերպության հետ։

Շուրջ 6 տարի ընթացած շարունակական աշխատանքների արդյունքում Ընկերության գործունեությունը ճանաչվել է ISO 14001:2004 (Բնապահպանական կառավարման համակարգեր) և BS OHSAS 18001:2007 (Արտադրական անվտանգության և աշխատանքի պաշտպանության կառավարման համակարգեր) ստանդարտներին համապատասխանող, որի վերաբերյալ՝ 2017 թվականի սեպտեմբերին Ընկերությանը տրվել են համապատասխան հավաստագրեր։

Հարգանքով՝

«Վալլեքս» խմբի ընկերությունների

տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին